Friday, December 11, 2015

Ամենաբարի տեղամասը՝ 16/09

Մասիս քաղաքում մտանք առաջին պատահած տեղամասը, եւ այնպես էր պատահել, որ 16/09-ն էր առաջինը մեզ պատահել :) 

Հայտնվեցինք մի մեծ մարզադահլիճում։ Մի տղամարդ ժպտադեմ առաջ եկավ ու ներկայացավ՝ Ռոբերտ Ղեւոնդյան, ՀՀԿ-ից, հանձնաժողովի նախագահ։ Մեր եղած տեղամասերում դեռ ոչ ոք էդքան սպառիչ չէր ներկայացել։ Ներկայացանք նաեւ մենք՝ Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) փորձագետներ Անաստասիա Ստեֆանովիչը (Լիտվա), Ռոման Ուդոտը  (Ռուսաստան) եւ ես։ Ներկայացանք մեր պաշտոնական կարգավիճակով՝ լրագրողներ, եւ խնդրեցինք մեզ գրանցել, որպեսզի մի փոքր դիտենք քվեարկության գործընթացը։ 

Հանձնաժողովի նախագահը մեզ ուղեկցեց ուղիղ քվեատուփի մոտ։ Այնտեղ նստած մարդու ձեռքի տակ էր մատյանը։ Երբ տաևակուսեցինք, նախագահը պարզաբանեց, որ քարտուղարը գնացել է մի պատառ բան ուտի, դրա համար այս մարդը նրան փոխարինում է։ 

Գրանցվելուց հետո առաջին իսկ դիտարկման ենթարկեցինք քվեատուփը, որում նույնպես ակնհայտ երեւում էին քվեաթերթիկների հավասար դարսած տրցակներ։ Արեւը շատ հաջող կերպով էր ներս ընկնում։ 

Իհարկե, հանձնաժողովից ոչ ոք տեղյակ չէր, թե դա ինչպես է պատահել։ 

Նախորդ տեղամասերի փորձից արդեն ոչինչ չէր զարմացնում։ Չէր զարմացնում, որ քվեատուփի մոտ նստած տղամարդը իբր ՀԱԿ-ից էր, բայց թույլ էր տալիս որ ծրարները քվեատուփ գցեին՝ առանց անձնագրերը ցույց տալու, ինչն արձանագրեցինք մի երկու գողտրիկ վիդեոյով։ 

Ընտրացուցակները փակցված էին որպես տեղամաս ծառայող հսկայական դպրոցական մարզադահլիճի պատերին՝ ներսի կողմից։ Բայց հանձնաժողովի նախագահը մեզ մխիթարեց, որ մարզադահլիճի դուռը բաց է եղել եւ յուրաքանչյուր ոք կարողացել է դեռ մեկ ամիս առաջ գալ ու ստուգել դրանք։ 
Ոմանք տեղյակ չէին անգամ, թե ինչ կուսակցությունից են։ 
Երբ ճաշն ավարտելուց հետո հանձնաժողովի անդամը եկավ վերջապես զբաղեցնելու իր տեղը, այսպիսի բլից զրույց եղավ մեր միջեւ․
- Ո՞ր կուսակցությունից եք։ 
- Հանրապետական։ 
- Ո՞նց, Դուք էլ եք Հանրապետական, հանձնաժողովի նախագահն է՞լ։ 
Նախագահը արագ միջամտեց՝
- Հանրապետական չի։ Բա դու հանարապետակա՞ն ես։ 
- Վայ չէ, չէ։ Բա ի՞նչ էի․․․ Բա ի՞նչ էի․․․
- Դու Օրինաց երկիր ես։ 
- Հա, վայ, Օրինաց երկիր։ 

Մեզ ընթացքում փորձեցին հյուրասիրել, ի վերջո ժամը 14-ի դրությամբ առաջին լրագրողը կամ դիտորդն էինք, որ ոտք էինք դրել այդ տեղամաս, վերջում էլ շատ էին ուզում լսել, որ ամեն բան լավ էր։ Բանավիճելու տրամադրություն չունեի՝ այնքան էին հյուրընկալ էր հանձնաժողովը։ Միայն խոստովանեցի, որ տարածքում խաղաղ է։ Կարեւորն էլ դա է։ Կարող էին, չէ՞, տուրուդմփոցներ լինել։ Չնայած ինչ տուորուդմփոց։ Այնտեղ արդեն տիրում էր միակուսակցական իդիլիան։ Կեցցե նոր սահմանադրությունը։ 

ՀԳ -- Կարդացեք նաեւ Ռոման Ուդոտի գրառումները այս եւ բազմաթիվ այլ խախտումների մասին։ 

No comments:

Post a Comment